Նորություններ

Մեր ընկերությունից

Եվս մի հաղթանակ


վարկ"



Բանկային համակարգում ընդունված պրակտիկա է ժամանակ ձգելով հնարավորինս «աճեցնել» վարկային մնացորդի նկատմամբ հաշվարկվող տույժն և տուգանքը։ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տիգրան Գրիգորյանի ջանքերով մեր վստահորդի օգտին ավարտվեց մի վարկի պատմություն։
Ս․Գ․-ն Արդշինբանկից ստացել էր 571,000 դրամի վարկ՝ գրավադրելով իր ոսկյա զարդերը։ Հետագայում չէր կարողացել ամբողջությամբ մարել նշված վարկը և հայտնվել էր «անելանելի» վիճակում։ Բանկը գրավադրված իրերի վաճառքից ստացված հասույթով իբրև թե չէր կարողացել ծածկել վարկի ողջ գումարը, թեև գնահատման արժեքը պայմանագրի ստորագրման պահին եղել էր ճիշտ վարկի գումարի չափով, իսկ դրանց վաճառքի պահին (մոտ երկու տարի անց) անհասկանալիորեն նվազել էր մոտ 30%։ Այսպիսով, վարկային մնացորդը զարդերի վաճառքից հետո կազմել էր 160,740 դրամ, սակայն մեր վստահորդը պատշաճ չէր ծանուցվել ոչ վաճառքի և ոչ էլ վարկային մնացորդի մասին։
Հետագայում, մոտ երեք տարի բանկն ընդհանրապես չէր ծանուցել վարկառուին նրա պարտավորությունների մասին, դրանց նկատմամբ հաշվարկվող և օրեցօր ավելացող տույժ ու տուգանքների մասին, իսկ 2017թ դիմել էր առաջին ատյանի դատարան՝ արդեն 493,000 դրամ դարձած պարտավորությունները կատարելու պահանջով։
Քանի որ Ս․Գ․-ի պարտավորությունների կատարման ժամկետն ավարտվում էր 2013թ սկզբին, իսկ բանկը դատարան էր դիմել ավելի քան չորս տարի անց, ուստի մեր փաստաբանը միջնորդեց դատարանին կիրառել հայցային վաղեմություն։ Եվ, թեև բանկի կողմից բերվեցին մի շարք պատճառաբանություններ, մեկնաբանություններ ու առարկություններ, դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը՝ մերժելով Արդշինբանկի հայցը, ինչպես նաև վճռեց՝ Արդշինբանկից հօգուտ Ս․Գ․-ի բռնագանձել փաստաբանի վարձատրության գումարը։
Բարեբախտաբար, մեր վստահորդը դիմել էր փաստաբանի օգնությանը՝ ապահովելով իր իրավունքների պրոֆեսիոնալ պաշտպանությունը։

Հաղթանակ


ՀԴՄ"



Շուրջ մեկուկես տարի տևած պայքարի արդյունքում ՀՀ վարչական դատարանի վճռով կարճվեց մեր գործընկեր կազմակերպության նկատմամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից կազմված՝ 150,000 դրամ տուգանքի (ՀԴՄ կտրոն չտրամադրելու) ոչ իրավաչափ ակտը վերացնելու պահանջի մասին գործի վարույթը։
Կարճման որոշումը դատարանը կայացրեց վերոնշյալ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի որոշման հիման վրա։
Ողջունելի է, որ ՀՀ ԿԱ պետ․ եկամուտների կոմիտեի՝ ամեն գնով սեփական ոչ իրավաչափ ակտերը պաշտպանելու արատավոր պրակտիկան աստիճանաբար վերանում է։

20,817,800 ՀՀ դրամը վերադարձվեց


յուրացում"



Հայաստան սննդամթերք և տնտեսական ապրանքներ ներմուծող խոշոր ընկերությունը դիմել էր «Հայց» փաստաբանական գրասենյակ՝ ընկերության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերի հասնող գումարի յուրացման փաստի առթիվ իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով: Գրասենյակի իրավաբանների կողմից իրականացված մասնագիտական ստուգման արդյունքում ձեռք բերվեցին հիմնավոր ապացույցներ կատարված հանցագործության վերաբերյալ:
Փաստաբանի կողմից ներկայացված հաղորդման հիմքով հարուցվեց քրեական գործ՝ ուրիշի գույքի առանձապես խոշոր չափերով յուրացում կատարելու և առևտրային ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ: Նախաքննությամբ պարզվեց, որ քաղաքացի Ա.Փ.-ն հատուկ մշակված սխեմաներով տևական ժամանակ տարբեր ընկերություններից ստացել է մատակարարված ապրանքների դիմաց արված վճարումներն ու յուրացրել դրանք:
ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման քննիչի պրոֆեսիոնալ մոտեցման և «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տիգրան Գրիգորյանի մասնագիտական ջանքերի շնորհիվ վերականգնվեց յուրացված ողջ գումարը: Քննությունը շարունակվում է:

Ազատման դիմումն ու դրա "արկածները" "ԱրմենՏել" ընկերությունում


ազատման դիմում ԱրմենՏել



«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանի վարած գրագետ մարտավարության շնորհիվ՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց մեր վստահորդ Գ.Զ.-ի հայցն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲ ընկերության՝ 19.12.2016թ. կայացրած ազատման հրամանն անվավեր ճանաչելու, հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու վերաբերյալ:
Նախորդ տարեվերջին մեր վստահորդը դիմում էր գրել «ԱրմենՏել» ընկերության իր վերադասին՝ աշխատանքից ազատվելու նպատակով, այնուհետև, օրենքով սահմանված եռօրյա ժամկետում, համաձայնեցնելով անմիջական ղեկավարի հետ, ետ էր վերցրել դիմումը: Դիմումը ետ վերցնելուց չորս օր անց, ընկերության մեկ այլ պաշտոնատար անձ մեր վստահորդին հայտնում է, որ վերջինիս աշխատանքից ազատելու որոշումն արդեն ընդունված է, և որ մեր վստահորդը պետք է կրկին ազատման դիմում գրի: Այսպիսով, «ԱրմենՏել» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք խախտել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ կետը, համաձայն որի «աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ»:
Վերոնշյալ պաշտոնատար անձը, խոստանալով հարցը քննարկել ընկերության տնօրենի հետ և ազատման հրամանի հետ մեկտեղ աշխատողին վճարել նաև եռամսյա աշխատավարձ՝ կողմերի համաձայնության հիմքով, և սպառնալով հակառակ պարագայում ամեն կերպ հասնել աշխատողի ազատմանը՝ ստիպում է մեր վստահորդին գրել ևս մեկ դիմում, այն էլ՝ հետին ամսաթվով: Սակայն, դիմումը գրելուց և չստանալով խոստացված գումարը, ազատման հրամանին ծանոթանալուց հետո մեր վստահորդը նախ գրավոր դիմում է ընկերության ղեկավարին՝ պահանջելով դադարեցնել իր աշխատանքային իրավունքի խախտումներն և վերացնել անօրինական հրամանը: Ստանալով չհիմնավորված մերժում՝ Գ.Զ.-ը որոշում է իր իրավունքները պաշտպանել դատական կարգով:
Արդյունքում, դատարանը վճռեց՝ անվավեր ճանաչել Գ.Զ.-ի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին«ԱրմենՏել» ՓԲԸ ՄՌ կառավարման և կազմակերպական զարգացման տնօրենի հրամանը, վերականգնել նրան «ԱրմենՏել» ՓԲԸ նախկին պաշտոնում, «ԱրմենՏել» ՓԲԸ-ից հօգուտ Գ.Զ.-ի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկվող միջին աշխատավարձը` մինչև վճռի փաստացի կատարումը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ից հօգուտ Գ.Զ.-ի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Ինչպես սովորաբար, այս անգամ ևս` "Մեր աշխատանքի լավագույն գնահատականը Ձեր խախտված իրավունքի վերականգնումն է» ©:

Հարկայինի հերթական զավեշտը. շարունակություն


հարկային


Թարմացում. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը ևս անփոփոխ թողեց ՀՀ վարչական և վարչական վերաքքնիչ դատարանների կայացրած որոշումները: Այսպիսով, ՀՀ ԿԱ ՊԵԿ երկարատև պայքարն ավարտվեց պարտությամբ, և մեր վստահորդն ամբողջությամբ վերականգնեց իր խախտված իրավունքը՝ չվճարելով 300,000 դրամ տուգանքը:

Ս.թ.սեպտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՀՀ վարչական դատարանի վճիռը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին: Հիշեցնենք, որ մեր ընկերության փաստաբան Տիգրան Գրիգորյանը 24.10.2016թ. հերթական հաղթանակն էր արձանագրել ՀՀ ԿԱ ՊԵԿ Կոտայքի ՏՀՏ դեմ դատական գործում: Ստորև ներկայացնում ենք գործի մանրամասները:
18.12.2015 թվականին հարկային տեսուչը մեր վստահորդ ընկերության խանութից կատարել է երկու առանձին գնում, որոնց դիմաց տրվել են համապատասխան ՀԴՄ կտրոնները: Երկրորդ գնումը կատարելուց հետո տեսուչը մուտքի դռան մոտից ետ է վերադարձել, իբրև թե գնումների համար պոլիէթիլենային տոպրակները հարմար չեն և սկսել է տոպրակների փնտրտուք: Այդ ժամանակ առաջարկվել է մեկ անվճար պոլիէթիլենային տոպրակ, որը տնօրինության կողմից թույլ էր տրվել նվիրել գնոդներին: Այդ տոպրակի դիմաց գումար չի ստացվել: Գնորդի դուրս գալուց հետո ներս են մտել հարկային տեսուչները և պահանջել են նվեր տոպրակի ՀԴՄ կտրոնը:
24/10/2016թ․ ՀՀ վարչական դատարանը /նախագահությամբ՝ Մ.Մելքումյանի/ բավարարել էր մեր ընկերության փաստաբան Տիգրան Գրիգորյանի կողմից իր վստահորդի անունից ներկայացված հայցը՝ անվավեր ճանաչելով ՀՀ ֆինանսների նախարարության (ներկայումս՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ) Կոտայքի տարածքային հարկային տեսչության 13.01.2016 թվականի ակտը և ՀՀ ֆինանսների նախարարության հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 01.03.2016 թվականի որոշումը: Դատարանը գտել էր, որ տվյալ ակտն ընդունվել է օրենքի պահանջների խախտմամբ, ուստի ենթակա է վերացման:
Դատարանն անհրաժեշտ էր համարել արձանագրել, որ ֆիսկալային հաշվետվությունն ինքնին չի կարող գումարը վճարված լինելու փաստը հաստատող կամ հերքող ապացույց հանդիսանալ, քանի որ դրանում առկա տեղեկությունները չեն համադրվել դրամարկղում առկա գումարի հետ, հետևապես այդ ապացույցը, տվյալ դեպքում, միայն տեղեկություններ է պարունակում ՀԴՄ մուտքագրված տվյալների մասին, իսկ 150 ՀՀ դրամ գումարը ՀԴՄ մուտքագրված չլինելու փաստի վերաբերյալ կողմերի միջև վեճ առկա չէ:
Այսպիսով, համադրելով գործի փաստերը, դատարանը գտել էր, որ վիճելի է մնում հարկային տեսուչի կողմից մեր վստահորդ ընկերության խանութից 150 ՀՀ դրամի գնում կատարելու փաստը, ուստի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի առաջին մասի իմաստով դրա բացասական հետևանքները կրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
Ուրախ ենք, որ այս անգամ էլ արդարության համար պայքարը տվեց իր դրական արդյունքը:

Հերթական ծուղակը՝ վարորդների համար


հայց տուգանք  կայանատեղ


ՀՀ Վարչական դատարանն ի դեմս նախագահող դատավոր Գրիգոր Առաքելյանի բավարարեց մեր վստահորդի հայցն ընդդեմ ՀՀ Ճանապարհային ոստիկանության՝ 24.01.2017թ "Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը վերացնելու պահանջի վերաբերյալ:
17.01.2017թ մեր վստահորդին պատկանող տրանսպորտային միջոցը հորիզոնական դիրքով կայանել էր Երևան քաղաքի Թումանյան 19 շենքի դիմաց առկա տեղային լայնացումով /գրպանիկ/ ավտոկայանատեղում, ինչն էլ առիթ է հանդիսացել վերոնշյալ վարչական տույժը նշանակելու համար:
«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանի կողմից տարբեր օրերի «իրավախախտման» վայրում՝ Երևան քաղաքի Թումանյան 19 և 21 շենքերի դիմացի/հարակից տարածքում (Աբովյան/Թումանյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ), տեղազննություն և տեսանկարահանում է իրականացվել։ Արդյունքում պարզվեց, որ նշված հատվածում առկա են ցուցանակ/վահանակներ, ըստ որոնց մայթեզրի հատվածը լիազոր մարմնի կողմից որպես ծառայողական ավտոկայանատեղի տրամադրված է մասնավոր ընկերության։ Թումանյան 21 շենքից մինչև 19 շենքի դիմացն ընկած հատվածը առկա են սև գույնով «ջնջված» ինչ-որ անհասկանալի գծանշումներ, այսինքն՝ բացակայում է ուղղորդող որևիցե գծանշում, ուստի և վարորդները կայանման որոշում են կայացնում՝ ենթադրության հիման վրա: Գրպանիկով ավտոկայանատեղն իր ճարտարապետաշինարարական կառուցվածքով և չափսերով ուղղակի նախատեսված է հորիզոնական կայանելու համար, որի պատճառով էլ տվյալ գրպանիկում կայանող բոլոր մեքենաները տրամաբանորեն կայանում են հորիզոնական դիրքով։ Հորիզոնական կայանված ոչ մի մեքենա որևիցե ձևով չի խանգարում երթևեկելի հատվածին, քանի որ մեքենաներն ամբողջ երկայնքով տեղավորվում են հորիզոնական կայանման համար նախատեսված և կառուցված գրպանիկում։
Պատասխանողի կայքից ներբեռնված տեսանյութում երևում է, որ նման դիրքով կայանված են նաև այլ ավտոմեքենաներ, սակայն պարզ չէ, թե՝ ինչ մակնիշի և պետհամարանիշի, քանի որ տեսախցիկով օբյեկտը մոտեցնելու /zoom/ հնարավորություն չկա: Նշված հատվածում բոլոր մեքենաները կայանում են հորիզոնական դիրքով, քանի որ դա է թելադրում կայանատեղի ճարտարապետական ձևը։
Համադրելով առկա փաստական հանգամանքները՝ ՀՀ վարչական դատարանը եկավ այն եզրահանգման, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչը հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշված հատվածը` տեղային լայնացումը, չի համապատասխանում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված «երթևեկելի մաս» հասկացությամբ տրված մեկնաբանությանը, համաձայն որի` երթևեկելի մասն իրենից ներկայացնում է ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար, քանզի ակնհայտ է, որ նշված հատվածում կայանված տրանսպորտային միջոցները որևէ կերպ չեն խոչընդոտում առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկին։ Բացի այդ, դատարանն արձանագրեց, որ տրանսպորտային միջոցի կայանման վայրում՝ ք.Երևան, Աբովյան / Թումանյան խաչմերուկի նշված հատվածում, բացակայում է նաև «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում» լրացուցիչ տեղեկատվության նշանը, ինչպես նաև նշված տեսանյությում տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը չի երևում:
Վերոնշյալն ամբողջացնելով՝ դատարանը եզրահանգեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 24.01.2017թ. կայացված վերոնշյալ որոշումն ընդունվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` վերը նշված դրույթների խախտմամբ, հետևաբար այն ոչ իրավաչափ վարչական ակտ է և ենթակա է անվավեր ճանաչման։
Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ սույն գործի շրջանակներում 28.04.2017թ մեր ընկերության փաստաբանը գրավոր հարցումներ է ուղղել ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայությանը՝ պարզելու, թե հունվարի 17-ին, փետրվարի 24-ին, 25-ին և մարտի 01-ին ի՞նչ մակնիշների և պետհամարանիշերի ավտոմեքենաներ են ենթակվել տուգանքի՝ նշված վայրում կայանելու համար, սակայն մինչ օրս հարցման պատասխան չի ստացվել: Մինչդեռ հայցվորի ներկայացուցչի կողմից նշված օրերին արված տեղազննությունների արդյունքում հստակ երևում է, որ նույն վայրում կայանված են «էլիտար» տարբեր ավտոմեքենաներ:

"Կենտրոն" համատիրությունը փորձում էր ՀՀ քաղաքացուց բռնագանձել 779520 ՀՀ դրամ

ՀայցVSԿենտրոն


«Կենտրոն» համատիրության ևս մեկ հայց ընդդեմ ՀՀ քաղաքացու մերժվեց ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանի հմուտ աշխատանքի շնորհիվ: Մեր վստահորդն այլևս պարտավոր չէ վճարել 779 հազար 520 դրամ գումարը:
Երևան քաղաքի «Կենտրոն» համատիրությունը հայց էր ներկայացրել ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ քաղաքացուց, որպես պարտադիր նորմերի իրականացմանն ուղղված գումար, 779,520 դրամ բռնագանձելու վերաբերյալ:
«Հայց» ընկերության փաստաբան Տիգրան Գրիգորյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում դատարանին ներկայացվեցին հիմնավոր առարկություններ՝ առ այն, որ 2009-2016թթ ընթացքում վերոնշյալ ծախսերի կատարման որևէ հստակ հիմք համատիրությունը չի ներկայացրել. ներկայացված չեն կատարված աշխատանքների ծավալը, դրանց կատարման ժամանակացույցը, հիմնավորված չէ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման փաստը:
Դատաքննության ավարտին չսպասելով՝ 2016թ նոյեմբերին ՀՀ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրությունը հրաժարվեց պարտադիր նորմերի իրականացմանն ուղղված գումարի բռնագանձման վերաբերյալ մեր վստահորդին ներկայացրած իր պահանջից: Վերոգրյալի հիման վրա` դատարանն արձանագրեց, որ հայցվորը պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջից և իրավունքի պաշտպանության դատավարական միջոցից անվերապահորեն, առանց որևէ պայմանի հրաժարվել է, և այդ պարագայում սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ Դատարանը բավարարեց նաև պատասխանողի փաստաբանի ծախսը փոխհատուցելու վերաբերյալ միջնորդությունը: Արդյունքում, բացի այն, որ Երևան համայնքի բյուջեն տուժեց 779 հազար 520 դրամով, այդ բյուջեից նաև պետք է վճարվի փաստաբանի ծառայությունների վճարը, ինչպես նաև՝ պետական տուրքի գումարը:
Հ.Գ. Նման նյութերը լուսաբանելիս՝ մեր ընկերությունը նպատակ է հետապնդում բարձրացնել ՀՀ քաղաքացիների տեղեկացվածության աստիճանը և նրանց իրավագիտակցությունը: Տեր կանգնելով ձեր իրավունքներին՝ դուք կարող եք պարտադրել պետական բոլոր կառույցներին՝ աշխատել առավել արդյունավետ, նպատակային օգտագործել քաղաքացու գրպանից իրենց բյուջեն մտնող ամեն դրամը:

Ծուղակ վարորդների համար կամ դեղնակարմիր գծեր

ՃՈ տուգանք բողոքարկում


ՀՀ քաղաքացին «Հայց» փաստաբանական գրասենյակ էր դիմել՝ բողոքարկելու ենթադրյալ իրավախախտման մասին ՀՀ ՃՈ ակտը: Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության ակտի՝ մեր վստահորդը «կանգառ էր կատարել տաքսիների կայանման տեղի տարածքում», ինչի համար պետք է վճարեր 5000 ՀՀ դրամ տուգանք: Վերոհիշյալ «տաքսիների կայանման տեղը» գտնվում է ք.Երևան, Սայաթ-Նովա 8 շենքի մոտ՝ «Անի պլազա» հյուրանոցի դիմացի մայթին:
Գործն ուսումնասիրելու, ինչպես նաև նշված տեղանքը զննելու և տեսագրելու արդյունքում պարզ դարձավ, որ տվյալ վայրում առկա են իրար վրա արված դեղին և կարմիր գծանշումներ, ավելին՝ տաքսիների կայանման ենթադրյալ վայրի վերջին հատվածում, մինչև կանգառի սկիզբը, առկա են միայն կարմիր գծանշումներ, ինչն էլ տվյալ դեպքում թյուրիմացության մեջ է գցել վարորդին, և վերջինս կարծել է, որ եթե առկա է կարմիր գծանշում, ուրեմն կարելի է կայանել: ՀՀ Կառավարության 10.01.2008թ թիվ 113-Ն որոշմամբ հաստատված համապատասխան դրույթներով սահմանված են ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջներն ու դրա կիրառման կանոնները: Նույն որոշման թիվ 1 հավելվածի «II. ԳԾԱՆՇՄԱՆԸ, ԴՐԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» վերտառությամբ II բաժնի դրույթներով սահմանված են գծանշման պահանջներին վերաբերող կանոնները, որոնցից, մասնավորապես, թիվ 21-ը սահմանում է
«21. Նոր գծապատկերով գծանշում կատարելու դեպքում հին գծանշումը չպետք է տեսանելի լինի:»
Մեր ընկերության փաստաբանի կողմից ՀՀ ՃՈ վերոնշյալ որոշումը բողոքարկվեց դատարանում, բերվեցին հիմնավոր առարկություններ առ այն, որ լիազոր մարմինը չի կատարել կամ թերի է կատարել իր վրա դրված պարտականությունները, այսինքն՝ կայանատեղում իրականացվել են ոչ պատշաճ գծանշման աշխատանքներ, ինչի արդյունքում ճանապարհային գծանշումները չեն ունեցել սահմանված տեսք / պատկեր/, որն իր հերթին մոլորության մեջ է գցել վարորդին:
Արդյունքում, ՀՀ վարչական դատարանը վճռեց՝ բավարարել ՀՀ քաղաքացու հայցը, անվավեր ճանաչել ՀՀ ՃՈ վերոնշյալ որոշումը: ՀՀ ՃՈ ծառայությունից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել փաստաբանի ծառայությունների վճարը և փոստային ծախսը, իսկ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նախապես չվճարված պետական տուրքի գումարը:

զորակոչ ամեն գնով



«Հայց» փաստաբանական գրասենյակ էր դիմել զինակոչիկ Հ.Հ.-ը, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ: Գրասենյակի փաստաբան Տիգրան Գրիգորյանը, ուսումնասիրելով հարուցված գործի փաստական հանգամանքները, պարզեց, որ իր վստահորդը 2013-2016թթ անցել է մի շարք բժշկական հետազոտություններ (մասնավորապես՝ հոլթեր-մոնիտորինգ հետազոտություններ), այդ թվում նաև՝ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որոնց արդյունքներն իրարից էականորեն տարբերվում են: Հատկանշական է, որ մեր վստահորդը քննություն է անցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ անձնակազմի և ԿԲՀ կողմից և ստացել հետևյալ ախտորոշումները. 1. Ռիթմավարի միգրացիա, հաճախակի վերփորոքային էքստրասիստոլաներ, ինչպես նաև՝ 2. Ռիթմավարի միգրացիա, սինուսային հաճախասրտություն և սինուսային առիթմիայի եզակի էպիզոդներ: Ռիթմավարի միգրացիա, հաճախակի վերփորոքային էքստրասիստոլաներ ախտորոշման համար երիտասարդը երեք անգամ տարկետում է ստացել: Այնուհետև, հերթական կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության արդյունքում հիվանդությունն ինչ-որ «հրաշքով» չի հայտնաբերվել, և մեր վստահորդը կրկին զորակոչվել է: Այստեղ հարկ է նշել, որ բժշկությանը հայտնի ժամանակակից մեթոդներով վերոնշյալ հիվանդությունը բուժման ենթակա չէ, ուստի և այն չէր կարող վերանալ:

Վերոնշյալ երկու հիվանդություններից յուրաքանչյուրն ունի առանձին իրավական կարգավորումներ՝ դրանից բխող հետևանքներով՝ համաձայն ՀՀ ՊՆ 410-13 հրամանի դրույթների: Այսինքն, մեկի պարագայում մեր վստահորդը ճանաչվում է ծառայության համար ոչ պիտանի, իսկ մյուսի դեպքում՝ պիտանի՝ սահմանափակումներով:

Բացի վերը նշված հանգամանքներից, անհրաժեշտ ենք համարում նշել, որ նման հիվանդությունները հնարավոր է ախտորոշել հոլթեր-մոնիթորինգ հետազոտության միջոցով: Սակայն ըստ գործի նյութերի, կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության ընթացքում իրականացված հոլթեր-մոնիթորինգ հետազոտությունը անցկացվել է թերի, այսինքն՝ չի պահվել նվազագույն 24 ժամը, այնինչ միջազգային բժշկության պահանջներով դա հետազոտության համար սահմանված նվազագույն տևողությունն է (այս պահանջին հետևում են նաև մեր երկրում գործող մասնավոր բուժ.հաստատությունները), որի արդյունքում միայն կարելի է ստանալ ճշգրիտ տվյալներ: Ավելին, մասնավորապես, «Էրեբունի» ԲԿ-ում, մոնիթորինգն իրականացվել է հին սերնդի սարքավորումներով, այն է Zymed DigiTrak-Plus 24 միացման 5 տվիչ ունեցող սարքով (համաձայն համացանցում եղած տեղեկատվության, այդ սարքն արտադրվել է մինչև 2006թ.): Մասնավոր բուժ.քննությունը, որն իրականացվել է զորակոչված երիտասարդի անձնական միջոցներով ՀՀ մասնավոր բժշկական հաստատություններից մեկում իրականացվել է հոլթեր-մոնիթորինգի՝ TLC 5000 մակնիշի 10 միացման տվիչ ունեցող նոր սերնդի սարքով, որի արդյունքում ախտորոշումը էականորեն տարբերվել է Zymed DigiTrak-Plus 24 սարքով արված հետազոտության արդյունքներից: Փաստաբանի կողմից արվել է համապատասխան հարցում՝ ՀՀ Առողջապահության նախարարին՝ պարզելու համար, թե ինչ իրավական հիմքերով է կարգավորվում պետության կողմից նման սարքավորումների ձեռքբերման, տրամաչափարկման, հավաստագրման, տեխնիկական պահանջների առաջադրման գործընթացը, հետազոտությունների անցկացման գործընթացը, որքանո՞վ է արժանահավատ համարվում այնպիսի սարքավորումներով իրականացվող հետազոտությունը, որոնց տեխնիկական բնութագիրը չի համապատասխանում ժամանակակից բժշկության մեջ կիրառվող չափանիշներին և այլն: Հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը նշում է, որ մեր հանրապետությունում բժշկական սարքավորումները գրանցման ենթակա չեն, իսկ ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբանը նշում է, որ վերոնշյալ հետազոտությունների անցկացումը կարգավորող ընթացակարգեր գոյություն չունեն, իսկ սարքերը ստուգվում են անմիջապես հոլթեր-մոնիթորինգն իրականացնող բժշկի կողմից:

«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանի համապատասխան ակտիվ գործողությունների արդյունքում մեր վստահորդի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Գործը կրկին ուղարկվել է զինկոմիսարիատ: Սպասեք նոր զարգացումների:

Բնակիչն այլևս չի վճարի 246,391 դրամը

ՀայցVSԿենտրոն


01.06.2016թ Երևան քաղաքի «Կենտրոն» համատիրությունը հայց էր ներկայացրել ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ քաղաքացուց որպես պարտադիր նորմերի իրականացմանն ուղղված գումար 246.391 դրամ բռնագանձելու վերաբերյալ:

«Հայց» ընկերության փաստաբան Տիգրան Գրիգորյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում դատարանին ներկայացվեցին հիմնավոր առարկություններ՝ առ այն, որ վերոնշյալ ծախսերի որևէ հստակ հիմք համատիրությունը չի ներկայացրել. ներկայացված չեն կատարված աշխատանքների ծավալը, դրանց կատարման ժամանակացույցը, հիմնավորված չէ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման փաստը:

Ավելին՝ շենքի բնակիչների պնդմամբ, քաղաքացին և նույն բնակության հասցեում բնակվող այլ քաղաքացիներ իրենց անձնական միջոցներից են վճարել շենքի և հարակից բակային տարածքի մաքրման համար՝ հավաքարարի ծառայությունների դիմաց, անհրաժեշտ այլ աշխատանքները ևս կատարվել են բնակիչների անձնական միջոցներով:

Դատաքննության ավարտին չսպասելով՝ 2016թ դեկտեմբերին ՀՀ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրությունը հրաժարվեց պարտադիր նորմերի իրականացմանն ուղղված գումարի բռնագանձման վերաբերյալ մեր վստահորդին ներկայացրած իր պահանջից: Արդյունքում, դատարանը վճռեց՝ կարճել քաղաքացիական վարույթը՝ հայցվորի ներկայացուցչի կողմից հայցից հրաժարվելու հիմքով, «Կենտրոն» համատիրությունից հօգուտ պատասխանողի բռնագանձել 70.000 ՀՀ դրամ որպես մատուցված իրավաբանական ծառայության խելամիտ վճար:

Նման գործերին մենք հաճախ ենք անդրադառնում՝ նպատակ ունենալով իրազեկել ՀՀ քաղաքացիներին իրենց շահերը պաշտպանելու հնարավորությունների մասին:

Քաղաքացին չի վճարի 381,007 դրամ գույքահարկի գումարը

ավտոմեքենայի գույքահարկ


15.12.2016թ ՀՀ վարչական դատարանը մերժեց Երևան համայնքի հայցն ընդդեմ ՀՀ քաղաքացու: Մեր վստահորդն այլևս պարտավոր չէ վճարել 381 հազար 7 դրամ ավտոմեքենայի գույքահարկի գումարը: Այս անգամ թաղապետարանը փորձում էր դատարանի միջոցով քաղաքացուց բռնագանձել 381 հազար 7 դրամ` 2011 թվականին ձեռք բերված ավտոմեքենայի համար, այնինչ գույքահարկի գումարի գոյացումը վերաբերում էր մինչ ավտոմեքենայի ձեռքբերումն ընկած ժամանակահատվածին:

«Հայց» ընկերության փաստաբանի կողմից ներկայացրած նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վարչական վարույթի հիմքում ընկած փաստաթղթերը վերաբերելի չեն մեր վստահորդին, իսկ եթե վերաբերելի են, ապա ընդունված վարչական ակտում բացակայում են դրա իրավական հիմնավորումները:

Դատական գործի նյութերի խորազնին ուսումնասիրության արդյունքում ՀՀ վարչական դատարանը գտավ, որ պատասխանողի կողմից գույքահարկի գծով հարկային պարտավորության առկայությունն օրենքի ուժով պարտավոր էին հայտնաբերել հարկային տեսչությունը, իսկ հետագայում՝ տեղական ինքնակառավարման մարմինը: Հայցվորի կողմից գույքահարկի գծով հարկային պարտավորությունների խախտման հանգամանքը Երևան համայնքը հայտնաբերել է 2016 թ, հետևաբար՝ գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կարող էին առաջանալ 2016թ անմիջապես նախորդող երեք տարիների համար, իսկ 2008-2011 թթ համար պարտավորություններ չէին կարող առաջանալ:

Դատարանը վճռեց՝ Երևան համայնքի հայցը մերժել և անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 06.05.2016թ «Գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին» թիվ 575-Ա որոշումը:

Ցավոք, շատ են այսպիսի դեպքերը, երբ վարչական մարմինների ոչ պատշաճ գործունեության արդյունքում տուժում է համայնքի և պետության բյուջեն կամ քաղաքացիները: Վերջինները, տեղյակ չլինելով իրենց իրավունքների մասին և, սովորաբար, չխորանալով նյութի էության մեջ, ստիպված են լինում ենթարկվել վարչական մարմնի ոչ իրավաչափ որոշումներին:

Տվյալ դեպքում դատարանը բավարարեց նաև պատասխանողի փաստաբանի ծախսը փոխհատուցելու վերաբերյալ միջնորդությունը: Արդյունքում՝ բացի այն, որ Երևան համայնքի բյուջեն տուժեց 381 հազար 7 դրամով, այդ բյուջեից նաև պետք է վճարվի փաստաբանի ծառայությունների վճարը:

Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ...

Հարկային տեսչության հերթական զավեշտը

տուգանք հարկային հայց


Ս.թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի իրավաբանական վարչության պետն անվավեր ճանաչեց վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 30.05.2016թ. իր իսկ որոշումն այն բանից հետո, երբ «Հայց» փաստաբանական ընկերության փաստաբանի կողմից այն բողոքարկվեց վարչական դատարանում: Նախնական որոշմամբ հարկային մարմինը փաստում էր, որ կոշիկի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը 2016թ. 1-ին եռամսյակի շրջանառության հաշվարկը չէր ներկայացրել, ուստիև ընկերության արդեն նախկին տնօրենը (նույն ինքը՝ մեր ընկերության վստահորդը) ենթարկվել էր պատասխանատվության: Այնինչ, ընկերությունն իր գործունեությունը դադարեցրել էր դեռևս 2014թ. գարնանը, ինչի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով գրավոր իրազեկել էր լիազոր մարմնին, ընկերության հսկիչ-դրամարկղային մեքենան ևս գրանցումից հանվել էր, ավելին՝ ընկերության տնօրենն էլ ազատվել էր իր զբաղեցրած պաշտոնից:

Թեև տուգանքի չափն այնքան էլ մեծ չէր, սակայն մեր վստահորդը սկզբունքորեն չէր ցանկանում հաշտվել իր իրավունքների ոտնահարման փաստի հետ: Ուստիև մեր ընկերության փաստաբանի աջակցությամբ տեր կանգնեց դրանց:

Ուրախալի է փաստել մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման մասին:

«Մեղավորը» մերկասառույցն էր

մերկասառույց


Այս անգամ մեր ընկերության փաստաբանի թիրախը ՀՀ ՃՈ ապօրինի ակտն էր:

Սույն թվականի հունվար ամսին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճանապարհների մաքրման աշխատանքների ոչ պատշաճ կատարման հետևանքով մեր վստահորդն ակամա դարձել էր ավտոճանապարհային վթարի մասնակից: Արդյունքում ՀՀ ՃՈ ներկայացուցիչները հայցվորին ենթարկել էին վարչական պատասխանատվության` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հողվածի երկրորդ մասով և նույն օրը վարչական իրավախախտման գործով կայացրել էին թիվ 585256 որոշումը, որով նշանակվել էր տուգանք` երեսուն հազար ՀՀ դրամի չափով:

Նշված տուգանքի որոշումը մեր ընկերության փաստաբանի կողմից վիճարկվեց ՀՀ վարչական դատարանում:

Գործի փաստական հանգամանքների բազմակողմանի քննության արդյունքում ՀՀ վարչական դատարանի դատավոր Մ.Մելքումյանը գտավ, որ մեր վստահորդի անունից փաստաբանի կողմից ներկայացված հայցը ենթակա է բավարարման: Դատարանը գտավ, որ հայցվորի կողմից թույլ չի տրվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, և հայցվորի արարքում բացակայում է մեղքը, որի տարրերի բացակայությունը բացառում է վարչական իրավախախտման փաստը: Դատարանը գտավ, որ ՀՀ ՃՈ ներկայացուցիչների կողմից կայացված որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, ուստի և անվավեր ճանաչեց այն:

Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ Դատալեքս տեղեկատվական համակարգի կայքում (դատական գործ N: ՎԴ/1021/05/16):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

պարտքերի վերադարձ


Մեր ընկերությունն առաջարկում է դեբիտորական պարտավորությունների սպասարկման ծառայություններ (Խնդրահարույց պարտքերի հետ գանձման ծառայություններ) բոլոր գործարարներին: Ծառայությունն իր մեջ ներառում է՝ փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրություն, դեբիտորական պարտավորությունների գույքագրում և վերլուծություն, դրանց վերահսկում, այցելություն վաճառակետեր, մինչդատական այլ գործառույթներ, անհրաժեշտության դեպքում վճարման կարգադրությունների արձակում, հիմքերի ստեղծում՝ դատարան ներկայացնելու համար և այլն: Վստահեք մեզ ձեր պարտքերը...

Հետադարձ կապ

Հեռ. ՝ + 374 99 224 228 + 374 99 366 333

Հասցե՝ ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Էլ. փոստ՝ mail@hayc.am

Մենք սոցիալական ցանցերում

Copyright ©2016 hayc.am. All rights reserved.

Սույն կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Հայց» փաստաբանական գրասենյակին: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: